Անդրանիկ Քոչարյանը իր հայտարարությամբ փորձել է ասել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը օրենքի շրջանակներում պահելու և պահպանելու է կարգ ու կանոնը երկրի ներսում, իսկ ինչ վերաբերվում է ինձ, իմ զենքը իմ խոսքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Անդրանիկ Քոչարյանի խոսքը բառացի չէ մեջբերված, դա կոնտեքստից հանված է: Պարոն Քոչարյանի ստորակետի, վերջակետի հետևից ընկնելու փոխարեն կարող ենք ասել, որ իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է ՀՀ-ում կարգ ու կանոնը: Իմ պարագայում տարիներ շարունակ իմ զենքը եղել է իմ խոսքը, և շատ մարդիկ այդ երևույթից վառված են և ընկել են Ալեն Սիմոնյանի հետևից, ես առանց որևէ վիրավորանք օգտագործելու՝ շատ հաճախ ժպիտը դեմքիս ասում եմ ճշմարտությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ներկա իրավիճակում ընդդիմությունը ապստամբություն է անում, բռնության կոչեր, իսկ հասարակությունը ավելի շատ ուշադրություն է դարձնում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որը օրենքի շրրջանակներում է ասված:

«Թեման լայն շրջանառելուց առաջ պետք է հաշվի առնել, որ ընդդիմության կողմից թե՛ գործողություններով, թե՛ հնչած բռնության կոչերով մենք շատ ծայրահեղ իրավիճակում ենք գտնվում, ես շատ կուզենամ, որ հետապնդեք ընդդիմության ընդհանուր թեկնածու Վազգեն Մանուկյանին և տաք հարցադրումներ, որ ամեն հանրահավաքի ժամանակ բռնության և ապստամբության, շենքեր գրավելու կոչեր են արվում, պատգամավորներին օր ու արև չտալու կոչեր, չգիտես ինչու առկա բռնության մասին չի խոսվում, այլ խոսվում է հայտարարությունների մասին»,-  ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նաև հավելեց, որ Կառավարության շենքի, «Ազատության» ռադիոկայանի, ՔՊ-ի գրասենյակի վրա հարձակումները օրենքի շրջանակներում պատժվելու են:

«ՀՀ-ի իշխանությունը պետք է գործի օրենքի շրջանակներում, ինչն էլ եղել է հեղափոխությունից այս կողմ, ընդդիմության երթերը գլխավորող դերակատարներից մի քանիսը, որոնք գիշերվա հազարին ներխուժել էին «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, մարդիկ, ովքեր խոսում են շենքեր գրավելու, միտինգներ անելու մասին, որ մտել էին ՔՊ-ի գրասենյակ և ջարդուխուրդ էին անում: Այդ մարդիկ օրենքի շրջանակում ստանալու են համապատասխան պատասխանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հեղափոխության ժամանակ ռադիոտուն մտնելը և այն, ինչ արվել է նոյեմբեր 9-ին, անհամեմատելի երևույթներ են:

«Ռադիոտուն մտնելու իրավիճակը կառավարական շենք մտնելու, «Ազատության» ռադիոկայան մտնելու և ջարդ ու խուրդ անելու հետ համեմատելը անտեղին է և ռադիոտան օրինակը այլևս մի բերեք, այսօրվա հետ կապված դա թույլ օրինակ է: Մեր հեղափոխության ժամանակ երբևէ բռնության կոչեր չեն եղել: Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում նույնպես քրեական գործեր կհարուցվեն»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի վերջին գործողություններին, Սիմոնյանն ասաց.

«ԱԱԾ-ն հեղափոխությունից այս կողմ տարբեր իրավիճակներում շատ ակտիվ աշխատում է և ֆեյքերի նկատմամբ արված գործողությունները ԱԱԾ-ի կողմից նույնիսկ ուշացած են և ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կունենանք վճիռ և կիմանանք՝ ով է այդ ատելությունը և բռնության կոչերը տարածում»,- ասաց Ալեն Սիմոնյանը: