Եվրասիական տնտեսական միության ստեղծման պահից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է տնտեսական համագործակցության խորացման գործընթացին: Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ակտուալ մարտահրավերները հետպատերազմյա Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նախարարի խոսքով՝ չնայած տնտեսական բարդություններին՝ նկատվել է ԵԱՏՄ-ում առեւտրաշրջանառության աճ, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավում: «Անցած տարվանից առեւտրի ծավալները սկսել են նվազել կորոնավիրուսի հետ կապված լոքդաունի եւ մուտքի արգելքի արդյունքում»,-ասաց Այվազյանը:

Նա ընդգծեց, որ ոչ բարենպաստ տնտեսական կոնյուկտուրա  է դեռեւս պահպանվում ԵԱՏՄ-ում, եւ 2021 թվականի արդյունքներով Միության տնտեսությունը կկրճատվի 3,9 տոկոսով: Սակայն նույնիսկ բոլոր բացասական միտումների դեպքում եվրասիական շուկան,  ԱԳՆ ղեկավարի պնդմամբ, հայկական արտահանման համար կարեւոր նշանակություն ունի:

Նախարարը վստահ է, որ ԵԱՏՄ-ի գծով գործընկերների հետ սերտ համագործակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանն ու անվտանգությանը: