Անհնազանդության ակցիաները երկար պետք է տևեն, քաղաքը ժամանակ առ ժամանակ պետք է պարալիզացված լինի, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Երևանում այսօրվանից մեկնարկող ամենօրյա անհնազանդության ակցիաներին։

«Ձնագնդիկի էֆեկտը գնալով շարունակվելու է։ «Հայրենիքի փրկության շարժման» բոլոր քաղաքական ուժերն իրենց մաքսիմալ մոբիլիզացիոն ռեսուրսներն են օգտագործում։ Քաղաքացիները պետք է  գիտակցեն, որ մենք հիմա Նիկոլի դեմ չենք պայքարում՝ նա շատ փոքր անձ է։ Մենք պայքարում ենք բավականին լավ կիրառված քաղաքական տեխնոլոգիաներով արմատացված ստերի դեմ»–ասաց նա։

Մամիջանյանը կարծում է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» ձեռքբերումներ ունեցել է այս ամիսների ընթացքում։

«Մեր ձեռքբերումը շարժման մասնակիցների քանակի թռիչքն էր՝ երկու հազարից քառասուն հազար։ Կա պարզ, չոր թվերի տրամաբանություն, այդ գործիքը աշխատում է։ Վստահեցնում եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր պլանավորում են, որ մեկ օրվա ընթացքում այս խնդիրը պետք է լուծվի՝ կամ ռոմանտիկ են կամ քաղաքական գործընթացներից այդքան էլ լավ չեն հասկանում»–ընդգծեց Մամիջանյանը։

Հարցին՝ անհնազանդության ակցիաների կրկնությունը կարո՞ղ է արդյոք հիասթափություն առաջացնել քաղաքացիների մոտ, Մամիջանյանը պատասխանեց։

«Մենք պետք է աշխատենք այն քաղաքացիների հետ, որոնք մոլորության մեջ են , փորձում են պաշտպանել այս դավաճանին։ Հաշվի առնենք նաև այն փաստը, որ ինքը վախեցավ, հայտարարեց արտահերթ ընտրություն, հետո վախեցավ, հետ բերեց այդ կեղծ օրակարգը և հանեց քննարկումից, և այն փաստը, որ պաշտոնյաները վախենում էին իրենց քիթը դուրս հանել տներից ու իրենց կաբինետներից»–նշեց նա։

Մամիջանյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժման» քայլերում կտրուկ գործողությունների պակասը մարտավարության հարց է։

«Կան շատ գործոններ, որոնց վրա պետք է ներազդել։ Պատգամավորներ, ուժային կառույցներ, մի շարք պաշտոնյաներ հիմա ծառայում են դավաճանին, նրանց վրա ներազդելով հնարավոր է այս խնդրի լուծումը»– շեշտեց Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքի ժամանակ  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ելույթում հայտարարել էր, որ փետրվարի 22–ից ընդդիմությունը Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։