Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է «ազգի և բանակի խայտառակությունը», գրում է ria.ru-ն։

«Մեզ մեղադրում են այն դավաճանության և մղձավանջի համար, որը կատարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։ Ինչպե՞ս կարելի է առանց հստակ ապացույցների մարդուն մեղադրել։ Միխեիլ Սաակաշվիլին մեր ազգի և բանակի խայտառակությունն է, որն իրեն գլխավոր հրամանատար է կոչում, բայց հանդես է գալիս զրպարտությամբ»,- խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին։

Նա պնդել է, որ Վրաստանի քաղաքացիները երկրի զարգացումը չեն պատկերացնում «Միասնական ազգային շարժում» կուսակցության մասնակցությամբ։

Ղարիբաշվիլին հաճախ է Սաակաշվիլիի և նրա կուսակցության հասցեին քննադատություններ հնչեցնում: Գնահատելով քրեակատարողական համակարգի ձեռքբերումները՝ Ղարիբաշվիլին մի անգամ հայտարարել է, որ «բանտն, այնուամենայնիվ, ունի մեկ թերություն. Սաակաշվիլին այնտեղ չէ»։

Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին․ նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսի համար նա հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել: 2015 թվականի գարնանը Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Պորոշենկոն նրան նշանակել է Օդեսայի մարզի նահանգապետ։ Սակայն արդեն 2016-ի նոյեմբերին Պորոշենկոն աշխատանքից հեռացրել է Սաակաշվիլիին՝ հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման խոստումները, այլև զգալիորեն վատթարացրել է նրա տնտեսական ցուցանիշները։ 2017 թվականի հուլիսի վերջին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։

Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին իր հրամանագրով Սաակաշվիլիին վերադարձրելէ Ուկրաինայի քաղաքացիությունը, որից հետո քաղաքական գործիչը վերադարձել է Ուկրաինա: Ավելի ուշ Զելենսկին Սաակաշվիլիին նշանակել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար։