Սոչիում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը նշել է, որ համագործակցությունը պահանջված է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ տարածաշրջանային: «Ամեն տարի մենք հանդիպումներ ենք անցկացնում տարածաշրջանային կառավարման կառույցների ղեկավարների միջեւ: Դա շատ կարեւոր աշխատանք է, քանի որ տարածաշրջանային փոխգործակցության մակարդակում մեր հարաբերությունների զգալի ծավալը ձեւավորվել է. դա եւ՛ տնտեսական, եւ՛ մարդկային կապերն են»,-ասել է նա:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է Բելառուսի ամենախոշոր առեւտրային գործընկերը:

«Ինձ համար հաճելի է նշել, որ փոխգործակցության, ռազմավարական գործընկերության, դաշնակցության մակարդակը հաստատվում է, եւ Ռուսաստանը մնում է Բելառուսի առեւտրատնտեսական ամենախոշոր գործընկերը՝ մոտ 50 տոկոս»,-հավելել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ Բելառուսի տնտեսությունում միահամուռ ներդրումները գնահատվում են ավելի քան 4 միլիարդ դոլար:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի փոխգործակցության գրեթե բոլոր «ճանապարհային քարտեզները» պատրաստ են ստորագրման: Նա նաեւ նշել է, որ ֆինանսական աջակցությունը, որը Մոսկվան ցուցաբերում է Մինսկին, ժամանակին էր եւ կարեւոր, եւ փողերը «քամուն չեն տվել»: