Նիդեռլանդներում Boeing բեռնատար ինքնաթիռի շարժիչի մետաղական բեկորներն ընկել են երկրի հարավ-արևելքում գտնվող Հոլանդական Մերսսեն համայնքի տարածքում, մեկ մարդ վիրավորվել է, հայտնում է NL Times պորտալը: Չորս շարժիչով Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռը  Մաաստրիխտի օդանավակայանից ուղևորվում էր Նյու Յորք: Ինչպես նշում է թերթը, թռիչքից անմիջապես հետո օդանավի շարժիչը բռնկվել է, և ինքնաթիռի մի քանի բեկորներ ընկել են գետնին:

Օդանավակայանի խոսնակի խոսքով՝ վթարի պատճառով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելգիայի Լիեժ քաղաքում: Տեղի հրշեջ բաժանմունքի տվյալներով՝ ինքնաթիռից մի բեկոր ընկել է տարեց կնոջ գլխին։ Նա թեթև վնասվածքներ է ստացել:

Վնասվել են մի քանի տրանսպորտային միջոցներ:

Ավելի վաղ, Fox News-ի փոխանցմամբ, շարժիչի անսարքության պատճառով՝ ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի բեկորներն ընկել էին ԱՄՆ Դենվերի մերձակայքում գտնվող բնակելի տարածքում: Այս ինքնաթիռը, սակայն, փոխելով ուղղությունը, կարողացել էր վերադառնալ Դենվեր։