Եվրամիությունն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի՝ կապված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ: Բրյուսելը չի հանդուրժի մարդու իրավունքների խախտումները եւ մտադիր չէ այս հարցում հանդարտվել, հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ եւ եվրոպական գործերով նախարար Ժան Ասելբոռնը RedaktionsNetzwerk Deutschland մեդիախմբի պարբերականների հետ զրույցում: Նա այս մասին ասել է ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին, որի մասնակիցները քննարկելու են Մոսկվայի դեմ հետագա գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովստի»-ն:

Նոր պատժամիջոցային միջոցառումները պետք է իրավաբանորեն անվիճարկելի լինեն, կարծում է Ասելբոռնը: Ընդ որում՝ նա հնարավոր է համարում, որ պատժամիջոցները Մոսկվայի վրա հարկ եղած արդյունք չեն ունենա: Նա հնարավոր է համարել, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում ամենացածր կետին դեռ չեն հասել:

ԵՄ-ին առընթեր ռուսական առաքելության ղեկավար Վլադիմիր Չիժովն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան «պատրաստ կլինի պատասխանելու ոչ լեգիտիմ միակողմանի» նոր միջոցառումների դեպքում: Ռուսաստանի վերաբերյալ ԵՄ որոշումները «անտրամաբանական են եւ զարմանալիորեն քաղաքականացված»,- նրա խոսքն է մեջբերել գերմանական պարբերականը: