Պետական կառույցներում պարգեւավճար բաժանելու արատավոր պրակտիկան շարունակվում է։ Գլխավոր դատախազությունում օրինակ այս տարվա հունվարին աշխատակիցները պարգեւավճար են ստացել։ Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ «2021 թվականին ՀՀ դատախազության աշխատող աշխատակիցները ստացել են պարգեւավճար՝ իրենց պաշտոնեկան դրույքաչափի 30 տոկոսի չափով»,- հայտնել են դատախազությունից։

Գրավոր հարցմամբ փորձել էինք ճշտել, թե որքա՞ն է կազմել նախորդ տարվա պարգեւավճարների չափը Արթուր Դավթյանի ղեկավարած իրավապահ համակարգում։ Ի պատասխան մեր հարցման կառույցից հայտնել են, որ ՀՀ դատախազության աշխատակիցների` (թվով 723) տարեկան պարգեւավճարի ընդհանուր չափը կազմել է 909.664.221 (ներառյալ հարկեկը) ՀՀ դրամ։ Նշենք, որ խոսքը նախորդ՝ 2020 թվականի մասին է։ Այս գումարը համարժեք է շուրջ 1մլն 735000 դոլարի։

Միաժամանակ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե որքան պարգևավճար է ստացել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո Արթուր Դավթյանն ավելի «թանկ է դարձել»։ Այսպես՝ 2017-ին նա ստացել է 1.552. 907 ՀՀ դրամի պարգեւավճար։ Հաջորդ՝ 2018 թվականին այն կազմել է 1.186.114 ՀՀ դրամ։ 2019 թվականին Դավթյանին տրվել է 3.881.449 ՀՀ դրամի պարգեւավճար, իսկ նախորդ՝ 2020 թվականին այն կազմել է 3.358.872 ՀՀ դրամ։

Irakanum.am