Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը ենթագիտակցական վախի վկայություն էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, ապա թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու։

«Այն հանրահավաքը, որն իրենք կարծում էին, որ շատ վատ պետք է տեղի ունենա կամ ընդհանրապես պետք է տեղի չունենա, նրանց համար անսպասելի մարդաշատ էր։ Եվ պատահական չեմ համարում այդ վախից ժողովրդին հաթաթա տալը։ Չի անցնելու, և այստեղ առանձնահատուկ անբարոյականություն կա․ սա այն նույն ժողովուրդն է, որ իրենց իշխանության է բերել։ Ես իրենց չեմ հավատացել, իշխանության չեմ բերել, բայց այս մարդկանց մեջ բազաթիվ են մարդիկ, որոնք սկուտեղի վրա բանտիկով իրենց իշխանություն են տվել։ Ու հիմա այդ մարդկանց, ինչ է թե չեն համակերպվում հայրենիքի կորստի, դավաճանության արդյունքում եղած զոհերի ու վիրավորների հետ, պտտվել ու ասել, որ կկրակենք, առանձնահատուկ ստահակ է պետք լինել, ի դեպ, իրենց մեջ այդպիսիք շատ են»,- նշեց Հովհաննիսյանը։