Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Գոռ Միքայելյանը։

Միքայելյանը հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը՝ 11։30-ին։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։

Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։