ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ղարաբաղյան շարժման վերաբերյալ։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանը շնորհավորական ուղերձում նշում է, որ 32 տարի առաջ է սկսվել Արցախի վերածնունդը, մինչդեռ այն 88 թվին է, հետեւաբար՝ 33 տարի առաջ։

Փաշինյանի շնորհավորական ուղերձը ստորեւ.

«32 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար:

Ղարաբաղյան շարժումը ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը:

Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու գործընթացի առաջին քայլը հանդիսացավ:

1988-ի փետրվարին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի մասին բարձրաձայնելու համար:

Արցախցիների այդ քայլը, որն աննախադեպ խիզախություն էր այդ օրերի համար, իսկույն արձագանք գտավ Հայաստանում` բոցավառելով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակը:

32 տարի առաջ այս օրերին վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը: Արցախցիների ըմբոստ ոգու կայծը վառեց մեր սրտերը: Մենք մեր մեջ վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք նաև հիշում և մեր գլուխները խորնարհում ենք մեր հերոսների հիշատակի առջև: Հիշում ենք ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, ապրիլյան և հուլիսյան մարտերում, մարտական հերթապահության ժամանակ զոհված մեր բոլոր նահատակներին:

Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ժողովրդի ապագայի: Նրանց հիշատակն անմահ է: Նրանց գործը սրբազան և փառքի կրակն անմար:

Զուր չէր նրանց սխրանքը և հավիտենական է նրանց թողած ժառանգությունը: 32 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 32 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում: Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն: Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների:

Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավելեւս անկոտրում է:

Նրա ապրելու և արարելու ձգտումը անսասան: Համոզված եմ, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա: 32 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացվեց մեր ժողովրդի պատմության մեջ:

Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ն հանուն մեր ազատության զոհված հայ ժողովրդի բոլոր զավակները»: Արդյո՞ք տեղի ունեցածը վրիպում է, թե պատմություն չիմանալու արդյունք, կամ գուցե սեփական պատմությունը դիտավորյալ խեղաթյուրելու փորձ։