Այսօր՝ փետրվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի և մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանն էր, ում՝ ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել ոչ թե շտապօգնության ավտոմեքենայով, այլ՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչության պետ Ս.Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-քննչական խմբեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: