Չնայած Նիկոլ Փաշինյանը խոսում է տնտեսական հաջողությունների մասին, տնտեսությունն աննախադեպ անկում է ապրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Համախառն ներքին արդյունքը 2017թ. աճել է 5,2 %-ով, 2018 թվականին աճել է 5,2 %, 2019 թվականին՝ 7․5 %, 2020-ին պակասել է 7․5 %։ Երբ ինքն ասում է, որ դա պանդեմիայի արդյունքում է, ձեզ թվեր ասեմ, թե այլ երկրներում 2020 թվականին տնտեսությունն ինչքան է պակասել։ Ադրբեջան՝ 4․3%, Վրաստան՝ 5 %, Ռուսաստան 3%, ԱՄՆ՝ 3․5%, Թուրքիայում և Իրանում տնտեսությունն աճել է։ Էս տնաքանդի սարքածն ա։

Ինչ որ բան աճե՞լ է։ Մետաղի, հանքաքարի արդյունաբերումը հասել է 45 միլիոն տոննայի։ Մեր ծանր տարիներին մենք 8 միլիոն տոննայից ավելի թույլ չէինք տալիս արդյունահանել։  Մոլիբեդենը, որը մեզ պետք է հերիքեր 300 տարի, 30 տարուց կվերջանա»,- նշեց Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ համեմատած 2017 թվականի հետ, նախորդ տարի նվազել են ծնունդները և աճել են մահերը։

«Եթե 2017-ին և դրան նախորդող տարիներին Հայաստանում մահացել է 25-26 հազար մարդ, ապա 2020 թվականին Հայաստանում մահացել է 37 հազար մարդ՝ առանց զոհված զինվորների։ 2020 թվականին ինքնասպանություն է գործել 662 մարդ, 2017 թվականին՝ 560։ Ինչո՞ւ եք ձեզ սպանում, գնացեք այդ ոջլոտին հանեք։

Մենք տարեկան ունենում էինք 40 հազար ծնունդ։ Նախորդ տարի ունեցել ենք երբևէ ամենաթույլ թիվը՝ 36 հազար 247 ծնունդ։ Այդքան ծնվել է, 45 հազար մահացել է։ Սա է Նիկոլի Հայաստանը»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ մեծ է նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը՝ համեմատած 2017 թվականի հետ։

«Մենք սովորաբար ունենում ենք 16 հազարից ոչ պակաս ամուսնություն։ Անցյալ տարի մեզ մոտ 12 հազար ամուսնություն է գրանցվել։ Դրա մոտավորապես 40%-ն ամուսնալուծվել է։ Այս բոլորը մենք պետք է հանդուրժե՞նք։ Հանրապետությունն աչքներիս առաջ քայքայվում է»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ հայ ազգը Նիկոլ Փաշինյանին չպետք է հանդուրժի, քանի որ նա կործանում է Հայաստանի Հանրապետությունը։

«Սենց տականք հայ ազգը, հայ արգանդը չէր ծնել։ Նման սրիկայի, ոջլոտի, հողատուի հետ նույն հողի վրա մենք չենք ապրելու։ Ես կարծում եմ, որ գնդակահարությունը կվերականգնենք սրիկաների համար»,- ավելացրեց Հրանտ Բագրատյանը։