ԱՄՆ-ն պետք է քաղաքական հրաշքներ գործի, որպեսզի վերականգնի ԵՄ-ի հետ «մինչթրամփյան» ժամանակահատվածի հարաբերությունները, կանխի Ռուսաստանի և Գերմանիայի մերձեցումը և պահպանի անդրատլանտյան միասնության առասպելը։ Այս մասին լրագրողներին ասել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Ադալբի Շխագոշևը՝ մեկնաբանելով նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Մոսկվան ձգտում է «խարխլել» անդրատլանտյան գործընկերությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենը, Մյունխենի անվտանգության առցանց համաժողովում կայացած իր ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է խարխլել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև համագործակցությունը: Խորհրդաժողովի ընթացքում նա կոչ է արել Միացյալ Նահանգների եվրոպացի գործընկերներին՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր սպառնալիքի» լույսի ներքո հավատարիմ մնալ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ի շրջանակներում առկա միասնությանը։

Պատգամավորի կարծիքով, ԱՄՆ-ն այժմ լուծում է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաև «սեփական խուճապային հարձակումների խնդիրը», քանի որ տեսնում է՝ աշխարհը պտտվում է առանց Միացյալ Նահանգների ազդեցության:

«Սա Բայդենից պահանջում է փոխզիջում և պատժամիջոցների մանիպուլյացիաներ, քանի որ ամերիկացիները հասկանում են, որ «Հյուսիսային հոսք 2»-ը ցանկացած դեպքում գործարկվելու է: Եվ Ուկրաինան առայժմ հեռացվել է կշեռքի նժարներից», — հավելել է պատգամավորը: