Մեր երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է առաջին հերթին այն պատճառով, որ պետական ինստիտուտները ոչնչացված են կամ դրա ճանապարհին։ Այդպես է կարծում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ այս պայմաններում պետական մեքենան աշխատում է խիստ խափանումներով:

«Պետական կառավարման համակարգը ծառայեցվում է նեղ խմբային շահերին, հակառակվողներն անկասկած պատժվել/ելու են», — ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը՝ նշելով, որ դա չի կարող երկար շարունակվել, որովհետև նման իրավիճակներում հայտնված համակարգերը վաղ թե ուշ փլուզվում են։

Ըստ կենտրոնի ղեկավարի՝ իշխանությունն այդ գործընթացն իր քայլերով արագացնում է.«Այն կարող է հավելյալ թափ հավաքել՝ հանրային վարքագծի փոփոխությամբ պայմանավորված։ Իշխանությունը պետք է սթափ դատի ու գիտակցի իր քայլերի հետևանքները ողջ խորությամբՙ ի դեպ, ասածս միայն որոշում կայացնողներին չի վերաբերվում, նաև գործիքի, կատարողի դերում գտնվողներին»։