Արցախի և Հայաստանի սոցիալական ոլորտի պատասխանատու մասնագետներից կազմված խումբը, որը զբաղվում է արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատմամբ և միաժամանակ պատրաստում նրանց պրոթեզավորման, այս օրերին գտնվում են Արցախում՝ նույն աշխատանքն իրականացնելով այստեղ։Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

Աշխատանքներին իր մասնագիտական բարձր որակների և գիտելիքների ողջ ներուժով, լծված է նաև Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնի ղեկավար Կարեն Դանիելյանը։

Այս օրերին մասնագիտական խումբն Արցախում այցելում է պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում կենսակերպի բարելավմանն ուղղված անհրաժեշտ հարցեր՝ առաջիկայում դրանք առաջնահերթորեն լուծելու նպատակով։

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է մասնագիտական խմբի անդամների հետ, մանրամասն ծանոթացել նրանց կողմից իրականացվող աշխատանքներին՝ իր խոսքում ընդգծելով, որ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցները լինելու են պետության հատուկ հոգածության ներքո, և նրանց առօրեական ամենատարրական խնդիրներն անգամ պետք է համարժեք լուծումներ ունենան։