ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակի և դրանց զարգացմանը խանգարող գործոնների մասին:

Ինչպես հիշեցրել է արտգործնախարարը, 2019 թվականի մայիսին Ժոզեպ Բորելը, որն այն ժամանակ Իսպանիայի արտգործնախարարն էր, իսկ այնուհետև գլխավորել է ԵՄ դիվանագիտությունը, ասել էր, որ Ռուսաստանը` Եվրամիության հին թշնամին, «կրկին ինքն իր մասին խոսեցնում է և կրկին սպառնալիք է ներկայացնում»:  Այնուհետև Մոսկվան, արձանագրային ծառայության միջոցով, պարզաբանել էր իսպանացի պաշտոնյայի խոսքերը, որին պատասխան էր ստացել, որ Բորելին սխալ են հասկացել:

Նա հայտարարել է, որ հարաբերությունների բնականոն զարգացումը, այդպիսով, մեծ հաշվով, խոչընդոտվում է կողմնակալ վերաբերմունքի պատճառով:

«Բայց մտածելակերպը կոտրվել է:  Մեզ ընկալում են որպես օտարի: Երբ ես հարցազրույց էի տալիս Սոլովյովին, նրա այն հարցին, թե մենք պատրա՞ստ ենք խզել հարաբերությունները Եվրամիության հետ, դրական պատասխան տվեցի, քանի որ այլևս ոչ մի հարաբերություն չի մնացել: Ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Օբաման էր ասում, ճիշտ է` Ռուսաստանի տնտեսության մասին, հարաբերությունները պատառոտված են մանր կտորներով»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը ընդգծել է, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև փոխգործակցության շատ մեխանիզմներ ոչնչացվել են, այդ թվում `Գործընկերության և համագործակցության խորհուրդը, որի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը վերանայում էին հարաբերությունների ողջ շրջանակը: