Ն.Ֆ.Գամալեյայի անվան կենտրոնի վիրուսաբան, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարող է զարգանալ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գարնանը։

Նրա խոսքով՝ սոցիալական ակտիվությունը, որը կավելանա գարնան գալու եւ եղանակի բարելավման կապակցությամբ, կարող է ազդել վարակվածների թվի աճի վրա, բայց դա կապված կլինի միայն այն բանի հետ, որ մարդիկ կսկսեն ավելի շատ շփվել, զբոսնել, տեղաշարժվել: Սեզոնային գործոնն այդ իրադրության մեջ նշանակություն չունի եւ չի ազդում համաճարակային գործընթացի դինամիկայի վրա, կարծում է պրոֆեսորը: «Պարզվել է, որ արեւադարձային երկրներում, որտեղ մշտապես բարձր ջերմաստիճան է, ոչ մի սեզոնայնություն չկա: Երկու վառ օրինակ՝ Բրազիլիան եւ Հնդկաստանը:

Վիրուսն անմիջականորեն հիվանդ մարդուց առողջին է փոխանցվում սերտորեն շփվելիս, փռշտալիս, հազալիս, ուստի այն համասեզոնային հիվանդություն է, ես այդպես եմ կարծում»,-ասել է Բուտենկոն: Նա ընդգծել է, որ, չնայած վերջին ժամանակներս հիվանդացության նվազմանը, չի կարելի հրաժարվել սանիտարական կանոնների խիստ պահպանումից: «Ամբողջության մեջ շատ կարեւոր է երկու գործոն՝ բնական իմունիտետի ձեռքբերումը տարած հիվանդությունից հետո կամ հիվանդանալիս, որն անցել է առանց ախտանշանների, եւ պատվաստումը: Եթե իմունիտետ ունեցող անձանց թիվը հասնի 60-70 տոկոսի, դա արդեն կլինի հիվանդացության կտրուկ սահմանափակման գործոն»,-եզրափակել է Բուտենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: