«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ աշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին, եւ այս նպատակով արդեն 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձեւավորվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր ստացել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 անձի։ Դատախազությունը, սակայն, չի բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրենց խոշորացույցի տակ։ Վարչությունն էլ համակարգում է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին եւ դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր: Միեւնույն ժամանակ, հաղորդագրության համաձայն, Արթուր Դավթյանը վարչության դատախազներին հանձնարարել է է՛լ ավելի մեծ հետեւողականությամբ եւ ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու եւ դատարան ուղարկելու համար:

Հենց այս հաղորդագրությունից էլ հասկանալի է դառնում, որ գլխավոր դատախազը, ըստ էության, դժգոհ է վարչության կատարած աշխատանքներից եւ առաջիկայում է՛լ ավելի ակտիվություն է ակնկալում եւ սպասում, որ պետք է գործեր ուղարկվեն դատարան, ինչը մինչեւ այժմ չի եղել: Այսինքն՝ թեեւ դատախազությունն այդքան նյութ է ստացել, սակայն դրանք պատշաճ քննության չեն անցել ու դատարան չեն ուղարկվել, եւ աշխատանքի ծավալը չի գոհացրել դատախազին:

Հավելենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետը, այսինքն՝ Սրբուհի Գալյանը, ստանում է 660 հազար դրամ աշխատավարձ: Վարչության պետի տեղակալը ստանում է 630 հազար, իսկ ավագ դատախազն էլ՝ 600 հազար դրամ աշխատավարձ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձի գործակիցը 8.50-ն է, եւ նա ստանում է մոտ 570 հազար դրամ աշխատավարձ: Սակայն այս ամենից հետո արդյունք չունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում