Մոսկվայի շրջանային դատարանը մերժել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բողոքը՝ իրավաչափ ճանաչելով նրան 30 օրով կալանքի վերցնելու Խիմկինի քաղաքային դատարանի որոշումը: Նման որոշում է կայացրել դատավոր Մուսա Մուսաևը, հայտնում է RBC-ն, նշելով, որ դատաճիռը  կայացվել է մոտ 5 րոպեում:

Հիշեցնենք՝ Խիմկինի քաղաքային դատարանը Նավալնիին ձերբակալել էր հունվարի 18-ին՝ Գերմանիայից Մոսկվա վերադառնալու հաջորդ օրը: Նիստը տեղի է ունեցել քաղաքի Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչություններից մեկի շենքում, իսկ այդ մասին փաստաբաններին և Նավալնիին տեղեկացրել են նիստից միայն մեկ րոպե առաջ:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է: Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել էր այն իրական դատավճռով, այն է՝ 3.5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում:

Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ իշխանությունները: