Առաջիկայում «Հայրենիքի փրկության շարժումը» գումարելու է համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում, որով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում կայացած «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Համահայկական ֆորումով մեկտեղվելու են ռեսուրսներ, գաղափարներ, ծրագրեր առաջարկներ և ձևակերպվելու է համահայկական նոր օրակարգ, ազգային վերածննդի ծրագիր։ Այս պահին ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է»–հայտնեց նա։

Սաղաթելյանը կոչով դիմեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ներկայիս կառավարությանը և նրանց, ովքեր դեմ են նաև «նախկինների» վերադարձին։

«Կոչ եմ անում այն քաղաքացիներին, ովքեր հոգով, սրտով մեզ հետ են, բայց տարբեր պատճառներով այս հրապարակում չեն։ Իրենք պետք է իրենց բողոքը արտահայտեն յուրովի, իրենց հրապարակ չգալը չփորձեն արդարացնել նախկինների վերադարձով կամ ինձ, գործընկերներիս չսիրելով։ Իրենք մեզ համար չեն գալիս այս հրապարակ, իրենք գալիս են, որպեսզի միասին փրկենք մեր հայրենիքը։  Կոչ եմ ուղղում Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ովքեր երկուսուկես տարի առաջ իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին։ Սիրելի՛ հայրենակիցներ, դուք մեղավոր չեք, դուք չպետք է ապրեք մեղքի զգացումով։ Նիկոլը ձեզ խաբել է , Նիկոլը ոչ միայն  խաբել է շարքային քաղաքացիներին, այլեւ կուսակցություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին, զինվորականներին, գիտնականներին։ Կոչ եմ անում ՝ եկեք, կանգնեք մեր կողքին, եկեք, որ կառուցենք վաղվա Հայաստանը»–ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ որքան էլ իրենց պահանջը գործող իշխանության հրաժարականն է, իրենք առաջնահերթ կարևորում են հայրենիքի պաշպանությունը, հզորացումը։

«Սիրելի հայրենակիցներ մեր բոլորի գերագույն երազանքը սրան հեռացնելը չէ։ Մեր բոլորի երազանքը հզոր Հայաստան ունենալն է։ Առաջատար գիտությամբ զարգացած տնտեսությամբ, ժամանակակից բանակով ազգային պետություն։ Մենք բոլորս միասին պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով և որքան արագ պետք է հեռացնենք այս իշխանություններին։ Մենք ունենք պատասխանատվություն ձեր առջև, ունենք պատասխանատավություն մեր երկրի առջև, և մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության։ Մենք միասին ծրագրավորված համառ, հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը և կառուցենք մեր երազանքների հայրենիքը»–ասաց Սաղաթելյանը։