Սիրելի՛ հայրենակիցներ,  այսօր լրանում է Արցախյան շարժման 33 ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Այս մասին նշվում է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձում:

Նա նաեւ նշել է. «Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով:

Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել: Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը:

Շնորհավորում եմ Արցախյան շարժման հիմնադիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս այս հիշարժան տարեդարձի առթիվ՝ համոզված, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավա-քաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից: