Ագրոարդյունաբերական համալիրն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ռազմավարական ոլորտներից է: Բոլոր երկրները մշակում և իրականացնում են մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանող հետևողական քաղաքականություն:

2020 թվականին գյուղատնտեսական հատվածում արձանագրված դրական միտումները ոչ թե մեկ տարվա, այլ ոլորտում իրականացվող պետական հետևողական քաղականության և մասնավոր ներդրումների արդյունք են: Դրա արդյունքում ոլորտը հինգ տարվա ընթացքում աճել է 1,5 անգամ: Ներդրումների ծավալները գյուղատնտեսության ոլորտում աճել են 2015 թ.-ին 10,7 մլրդ դոլարից մինչև 16,0 մլրդ դոլար 2019 թ.-ին:

Արդյունքում 5 տարում (2015 – 2020 թթ.) ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրության աճը կազմել է 11,4 %, իսկ 2020 թ.-ին 2019 թ.-ի համեմատ՝ 2,3 % կամ մինչև 114,4 մլրդ դոլար: Հայաստանում 2020 թ.-ին գյուղատնտեսական արտադրության աճը 2019 թ.-ի համեմատ կազմել է 1,5 % բուսաբուծական արտադրանքի արտադրությունը 2,3 %-ով ավելացնելու հաշվին: Բելառուսում աճը կազմել է 4,9 %, ինչը պայմանավորված է բուսաբուծական արտադրանքի արտադրության 6,1% ավելացմամբ, Ղազախստանում՝ 5,6 %, ինչպես բուսաբուծական արտադրանքի արտադրության 7,8 % աճի հաշվին, այնպես էլ կենդանաբուծական արտադրանքի 3,0 % աճի հաշվին: Ղրղզստանում և Ռուսաստանում աճը կազմել է համապատասխանաբար 1,1 % և 1,5 % հիմնականում կենդանաբուծական արտադրանքի արտադրության 2,0 % աճի հաշվին: