Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարարությունից հեռանալու օրերին  լուրջ խնդիրներ է ստեղծել Նիկոլ Փաշինյան-ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին միջկառավարական հարաբերություններում: Yerevan.Today-ին հասած տվյալներով, սկանդալի առաջին ազդակները ռուսական կառավարությունից հայկական իշխանություններին փոխանցվել են հունվարի կեսերին՝ Կրեմլյան հանդիպումներից վերադարձած փոխվարչապետ Մեր Գրիգորյանի միջոցով:

Ռուս գործընկերոջ մոտ դժգոհություն է հարուցել այն, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը Դուբայից  գնել ու առողջապահական ոլորտի կարիքների համար Հայաստան է ներմուծել շտապօգնության թանկարժեք՝ TOYOTA Land Cruiser  HZJ78   մոդելի ամենագնացներ:

Խնդիրը ծագել է տեխբնութագրերի պատճառով. մեքենաների եվրոստանդարտները՝ լրիվ հակասում են ԵԱՏՄ տեխկանոնակարգի պահանջներին: Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային միջոցների համար մաքուր օդային գոտու  ստուգիչ եվրոստանդարտների մասին է:

Բանն այն է, որ  Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, պարտավոր է ներմուծել և շահագործել բացառապես  ԵԱՏՄ արտանետումների ստանդարտներով հաստատված «եվրո 5» մեքենաներ, մինչդեռ Արսեն Թորոսյանի՝ Դուբայից ձեռքբերած և Հայաստան ներմուծած շտապ օգնության շքեղ ամենագնացներն իրականում «եվրո 0» ստանդարտով TOYOTA Land Cruiser   HZJ78 մոդելի մեքենաներ են:

Ռուսական կառավարությունից մասնավորապես դժգոհել են, որ ՀՀ կառավարությունը պետգնումներով շրջանցում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով որպես անդամ պետություն ստանձնած իր պարտավորությունները, ու սա չի կարող անհետևանք մնալ այդ մեքենաները շահագործելու պարագայում:

Ի դեպ, հենց այդ պատճառով, նշված մեքենաները համարվում են շահագործման համար ոչ պիտանի և անորոշ ժամկետներով առայժմ կայանված են բաց երկնքի տակ՝ Այրվածքաբանական կենտրոնի շենքի բակում:

ՀՀ ոստիկանությունը, մեր տեղեկությամբ, ձեռքերը լվացել է խնդիրներից և հրաժարվում է ճանապարհային ոստիկանությունում գրանցել դրանք, այդպիսով խնդիրներ է հարուցել Պետգույքի կառավարման կոմիտեի համար, որը պարտավոր էր մեքենաները նստեցնել Առողջապահության նախարարության հաշվեկշռին:

Ավելին, ՃՈ պետ Եգոր Կարապետյանը Yerevan.Today-ի հետ զրույցում թեև չցանկացավ մանրամասներ հայտնել, սակայն մեզ հայտնի տվյաներով՝ նրա և Արսեն Թորոսյանի միջև օրերս լուրջ բանավեճ է տեղի ունեցել այս թեմայի շրջանակներում:

Վերջերս կառավարության աշխատակազմի ղեկավար դարձած Արսեն Թորոսյանը, ասում են,  իր խնդիրներին համառորեն փորձում է լոկալ լուծումներ տալ՝ գլխավոր ոստիկանապետի և Ճանապարհային ոստիկանության ծառայության վրա ազդեցության գործիքներով, մինչդեռ այս գորշ գործարքն իր ետևում, պարզվում է, շատ ավելի մասշտաբային խնդիրներ է հարուցել կառավարության համար:

Այս ամբողջ շղթայից հետո ռուս գործընկերոջ մոտ, բնական է, որ հարցեր են առաջ գալիս ՀՀ կառավարության մարտավարության առնչությամբ։ Չի բացառվում, որ իսկապես Հայաստանի  կառավարության անդամները՝ Առողջապահության նախարարի նաձախաձեռնությամբ, փորձել են այս մեքենաների գնումներով փողեր լվանալ ու անգրագիտաբար մտել են փակուղի:

Փաստն այն է, որ ՀՀ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ մաքսանենգ ճանապարհով 30 ավտոմեքենա են ձեռք բերել և ներմուծել Հայաստան կամ առնվազն մի շարք պաշտոնյաների կողմից հանցավոր համաձայնությամբ միջպետական պայմանագիրը շրջանցելու գնով իրականացվել է ՀԱՐՄԱՐ ԱՌԵՎՏՈւՐ՝ պետգնումների ընթացակարգով և բոլորիս հաշվին:

Ընդգծենք մեկ այլ հարցի առնչությամբ ՀՀ Էկոնոմիկայի պաշտոնական պատասխանը, որ առնչվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ գույք ներմուծելուն:

Ստացվում է՝ մաքսակետով հանցավոր ճանապարհով անցել է գույք, և սրա պատասխանատուն առնվազն կառավարական պաշտոնյա Արսեն Թորոսյանն է, ՊԵԿ նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Գլխավոր մաքասպետ Շուշան Ներսիսյանը,  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրրիգորյանը և սա, թերևս, շարունակելի ցանկ է:

Այսքանից հետո հարց է առաջանում․

Ինչո՞ւ է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թոորսյանը շտապօգնության ավտոպարկը թարմացնելու համար ընտրել հենց այդ խիստ թանկարժեք ամենագնաց մեքենաները…

Այդ ինչպե՞ս է կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Թորոսյանը կարողացել արգելված մեքենաներ փաստաթղթավորել նախ և առաջ,  իսկ հետո պետգնումների ընթացակարգով գնում իրականացնել՝ կառավարության վերահսկողական ծառայության աչքից հեռու:

Ինչպե՞ս  է հաջողացրել միլիարդավոր գումարներ դուրս բերել պետական գանձարանից մի բանի համար, որն օրենքի կոպտագույն խախտումներով է պետգնումների մրցույթում շահել, և դա իբր չի նկատել ՀՀ գնումների քաղաքականությունն իրականացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հաջորդ ու թերևս ամենից պատկերավոր բարդակը… Այդ ու՞մ անձնական երաշխավորությամբ է Արսեն Թորոսյանը ԵԱՏՄ կանոնների խախտումով  կարողացել սահմանային անցակետով անցկացնել ԵԱՏՄ կանոնակարգով արգելված 30 շքեղ Տոյոտա ջիփերը՝ փաստացի մաքսանենգ ճանապարհով, ինչու՞ դա չի ֆիքսել Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ գլխավոր մաքսապետ, Փաշինյանի կնոջ ընկերուհին համարվող Շուշան Նեսիսյանը (Նակոլկա Շուշո):

Ի վերջո, ամենակարևոր օղակը, որը չի ֆիքսել այս խախտումը, ԵԱՏՄ գծով Հայստանի համակարգող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գործոնն է: Փաստացի, 30 ջիփերը Դուբայից Հայստան են բերվել՝ այս գործոնն ու նրա վերահսկողության տակ լծակները արհամարհելով և միջպետական պայմանագրերի խախտումներով:

Մեր հարցումներին հիմնավոր պատասխաններ, հուսով ենք՝ կստանանք Առողջապահության նախարությունից:

Հ.Գ. Պատերազմից հետո Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը և նրա փոխարեն մանսագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանի նշանակումը՝ Առողջապահության նախարարի պաշտոնում, բավականին լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում և լուրջ հարցեր առաջացրեց հատկապես ոլորտի մանսագետների շրջանում:

Նրանց մեծ մասը համակարծիք էին, որ իրականում Արսեն Թորոսյանի տեղափոխությունը լրիվ ֆորմալ բնույթ է կրում, շատերը վստահ են, որ նա Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին բազմած հեռավար կառավարելու է առողջապահական ոլորտը, ընդ որում՝ առաջվա պես՝ միայն յուրայինների համար:

Թերևս այդ է պատճառը, որ Թորոսյանն իրենից հետո ջանաց իր փոխարեն նախարար նշանակել տալ իր ընկերոջ կնոջը, ով որոշումների կայացման ժամանակ կաշկանդված կլինի ոչ միայն իր մասնագիտական գիտելիքների զրո պաշարի պատճառով, այլև Թորոսյանի հետ իր պայմանական կապերի թելերով և ստիպված կլինի դաշտը զիջել Արսեն Թորոսյանին:

yerevan.today.am