Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հեղինակներին առաջարկել եմ կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական կոլեկտիվների, ուսանողության մասնակցությամբ:

Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության շրջանում իրական և համընդհանուր փոխըմբռնման ու համաձայնության և չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները»,- գրել է նա: