ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկար, բայց կարևոր

Օրերս «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), որը համարվում է NATO-ի ուղեղային կենտրոնը, տեղի է ունեցել խիստ ուշագրավ քննարկում «Էներգետիկ դիվանագիտությունը և անդրատլանտյան համագործակցությունը գործնականում. Հարավային գազային միջանցքի բացում» թեմայով:

Ինչպես երևում է վերնագրից, քննարկումը նվիրված էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող նոր գազատարին, որի շինարարությունն ավարտվեց 44-օրա պատերազմի ընթացքում, և առաջին ադրբեջանական գազը հասավ ԵՄ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:

Նշված քննարկման մասնակիցների ցանկը ուշագրավ էր, այդ թվում՝ Էլշադ Նասիրով — ՍՕԿԱՌ-ի փոխնախագահ, Մեթյու Բրայզա, Ռոբերտ Շեր – bp America-ի միջազգային կապերի տնօրեն և այլ ոչ պատահական բանախոսներ:

Դիտելով ողջ քննարկումը՝ մի շարք կարևոր հետևություններ և վերահաստատումներ պետք է արձանագրել:

1. Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ այդ գազատարի աշխարահաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր:

2. 44-օրյա պատերազմը նաև ադրբեջանական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու մասին էր՝ Արցախի հարցի վտանգը չեզոքացնելով: «Չկարգավորված հակամարտությունը միշտ սպառնալիք էր մատակարարման ուղիների համար»:

3. Ալիևն ու Էրդողանը պատահական չէին ընտրել պահը և այս խոշորագույն ներդրումային նախագծի ապահով իրականացաման համար վերջին շանսն էին կերտում:

4. Իհարկե, ռիսկային էր մի կողմից լայնածավալ պատերազմ վարելը, մյուս կողմից՝ նման հսկայական շինարարությունն ավարտին հասցնելը: Սա հնարավոր էր անել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանից տային գազատարի ադրբեջանական ուղղության վրա չկրակելու հստակ երաշխիքներ: Ինչը, վստահ եմ, գաղտնի արվեց թե՛ պատերազմից առաջ, թե՛ արդեն հրապարակավ՝ պատերազմի ընթացքում:

5. Նշված գազատարն ընդամենը միջանկյալ էտապ է միջինասիական գազը դեպի Եվրոպա վերահասցեագրելու գլոբալ ծրագրի մեջ, ինչի մասին կրկին ակտիվացել են խոսակցություններն Ադրբեջան-Թուրքմենիա վերջին գազային համաձայնությունից հետո:

6. Ուստի տարածաշրջանային լարվածությունը նաև այդ պատճառով ոչ միայն չի նվազելու, այլև ուժգնանալու է՝ Արևմուտք-Ռուսաստան/Չինաստան գլոբալ հակամարտության ֆոնին:

7. Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում:

8. Թյուր է այն պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից: Նրանք լուծեցին գլոբալ հարց և այդ պատճառով ավելի թեթև տարան Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումն Արցախում:

9. Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին»: