Գերմանացի հրատարակիչները Facebook-ի ավելի կոշտ կարգավորման կոչ են արել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցը արգելափակել է Ավստրալիայում լրատվամիջոցների ողջ բովանդակությունը:

«Եկել է պահը, որպեսզի ամբողջ աշխարհի կառավարությունները սահմանափակեն կեղծավոր-հարթակների շուկայական իշխանությունը»,- ասված է Գերմանական թերթերի եւ թվային հրատարակիչների (BDZV) ասոցիացիայի գործադիր տնօրեն Դմիտրի Վոլֆի հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ եթե Facebook-ը սկսի առաջարկել իր սեփական նորությունների կոնտենտը, այն պետք է կարգավորվի որպես գլոբալ մեդիաընկերություն:

Ավստրալիայի իշխանությունները ցանկանում են ինտերնետ-հսկաներին պարտավորեցնել գովազդային եկամուտները կիսել ԶԼՄ-հրատարակիչների հետ, ովքեր նորություններ են տեղադրում նրանց հարթակներում: Ի պատասխան՝ Facebook-ն արգելափակել է լրատվական պորտալները: