Ավտովթարներ ճանապարհներին, խցանումներ և մերկասառույց։ Տեղացած ձյունը հերթական անգամ լուրջ անհարմարություններ է առաջացրել վարորդների և հետիոտների համար։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քաղաքացիները դժգոհում են, որ քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն իրականացրել, ինչի արդյունքում էլ երթեւկությունը կաթվածահար է եղել։

Irakanum.am-ի հետ զրույցում, սակայն Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ ձյունը մաքրվել է, աշխատանքներն էլ շարունակվում են։ «Դեռ մի քանի շաբաթ առաջ արդեն կանխատեսում կար այսօրվա ձյան հետ կապված և բնականաբար քաղաքի համապատասխան ծառայությունները և Երևանի աղբահանության ու սանիտարական մաքրության հիմնարկը պատրաստված է եղել այսօրվա առավոտվա իրադարձություններին»,- ասաց Կարապետյանը։ Նրա խոսքով՝ մեծ քաղաքներում գոյություն ունեն ձյան մաքրման ստանդարտներ։ «Ձյան մաքրումը արդյունավետ իրականացնելու համար պետք է հետեւյալը․ ձյունը սկսում են մաքրել ձյան տեղումների ավարտից հետո, կամ եթե տեղումները տևական են, յուրաքանչյուր 5 սմ ձյունը նստելուց հետո, և այդ դեպքում մաքրվում են գլխավոր փողոցները, մագիստրակները, խճուղիները երկու- երեք ժամը մեկ պարբերականությամբ, մնացած փողոցները երեքից- հինգ ժամը մեկ պարբերականությամբ»,- ձյան մաքրման ստանդարտները մեկնաբանեց քաղաքապետի խոսնակը։ Միաժամանակ մաքրմանը զուգահեռ փողոցները մշակվում են աղ ու ավազով՝ սառցակալումից խուսափելու համար։ «Քանի, որ մեր մեքենաները բազմաֆունկցիոնալ մեքենաներ են, դրանք և մաքրում են և միաժամանակ աղով ու ավազով մշակում են»,- ասաց Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանն ասաց, որ ձյան մաքրման աշխատանքները միշտ այս եղանակով են արել, միայն թե այս անգամվա ձյունն առանձնահատկություն էլ ունի։ «7:30 սկսել է ձյուն տեղալ և արդեն 8-ին, երբ մարդիկ սկսել են աշխատանքի գնալ, արդեն իսկ ունեցել ենք սառցակալած ճանապարհներ, տեղ- տեղ խցանումներ, վթարներ, որոնք ավելի են դժվարացրել իրավիճակը»,- ասաց Կարապետյանը, վստահեցնելով, որ ձյան մաքրման աշխատանքները սկսվել են հենց 7:30-ից, բայց բողոքներ ստացել են 8-ից 8:30-ին։

Դիտարկմանը, թե անհարմար ժամի՞  է եկել փաստորեն ձյունը, Կարապետյանն արձագանքեց, թե ձյունը եկել է այն ժամին, երբ եկել է, ձյունը եկել է իրեն հարմար ժամի, ուղղակի ինքն ասում է այն իրողությունը ինչը որ եղել է։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահի դրությամբ ձյան մաքրման աշխատանքներն էլ իրականացվում են, իրավիճակը նորմալ է։

Irakanum.am