Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիբեռհանցագործներից պետական հաստատությունների եւ մասնավոր ընկերությունների պաշտպանությունը բարելավելու ծրագիր է հրապարակել՝ երկու հիվանդանոցներում ծրագրերի վրա շորթողների հարձակումներից եւ Ֆրանսիայում նման կիբեռհարձակումների քանակի ավելացումից հետո, հայտնում է AP-ն:

Դաքսի եւ Վիլեֆրանշ-սյուր-Սոնեի հիվանդանոցների վրա կիբեռհարձակումները դրդել են որոշ հիվանդների տեղափոխվել այլ հաստատություններ, քանի որ Ֆրանսիայի առողջապահական համակարգը ճնշման տակ է կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Մակրոնը քննարկել է այդ հարձակումները երկու հիվանդանոցների պաշտոնյաների եւ աշխատողների հետ՝ ասելով, որ միջադեպը «ցույց է տալիս, թե որքան լուրջ է սպառնալիքը»: «Մենք կիմանանք այդ նոր հարձակումների մասին, որոնց մի մասը գալիս է ժողովուրդների միջեւ նոր բախումներից, մյուս մասը՝ մաֆիայից»,- ասել է ֆրանսիացի առաջնորդը տեսակոնֆերանսի ժամանակ: Նա հավելել է, որ որոշ հարձակումներ ունեն «հանցավոր» կամ շահադիտական դրդապատճառներ, իսկ մյուսներն օգտագործվում են երկրները «ապակայունացնելու» համար:

Մակրոնը վկայակոչել է անցյալ տարի ԱՄՆ դաշնային գործակալությունների զանգվածային գրոհները եւ նոյեմբերին Բժշկության եվրոպական գործակալությունից պատվաստանյութերի փաստաթղթերի գողությունը:

Ֆրանսիայի Կիբեռանվտանգության ազգային գործակալությունը (ANSSI) հաղորդել է, որ 2020 թվականին գրոհների դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 255%-ով: Շորթողների գրոհների ժամանակ կիբեռհանցագործները համակարգիչները կամ համակարգչային համակարգերը վարակում են վիրուսներով, որոնք գաղտնագրում եւ արգելափակում են տվյալները՝ մինչեւ նպատակային օգտվողները փրկագին վճարեն:

Լիոնից հյուսիս գտնվող Վիլեֆրանշ-սյուր-Սոնեի հիվանդանոցներից մեկը հայտնել է, որ երկուշաբթի օրը իր հեռախոսային համակարգը խափանվել է կիբեռհարձակման պատճառով, ինչի հետեւանքով, որ ինտերնետային ծառայությունները եւ այլ ցանցերն անջատվել են՝ գրոհող ծրագրերի տարածումը կանխելու համար: Հիվանդանոցը նաեւ ստիպված է եղել հետաձգել հաջորդ օրը նախատեսված վիրահատությունները:

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դաքսի հիվանդանոցը նախորդ շաբաթ հաղորդել էր նմանատիպ հարձակման մասին: