«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը փետրվարի 15-ի աշխատակարգային նիստում կարճել է ԱԺ ընդդիմության դիմումների հիման վրա հարուցված որոշ գործեր, միայն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու բողոքի քննությունն է մնացել, բայց հետաձգվել է քննության ժամկետը․ այն կքննի ապրիլի 20-ին։

Հիշեցնենք․ ԱԺ ընդդիմադիրները ՍԴ էին դիմել 2020թ․ օգոստոսին, երբ ԱԺ-ն հունիսի 22-ին 89 ձայնով ընդունեց «Իմ քայլի»` սահմանադրական փոփոխությունների նախագիծը, եւ դադարեցվեցին 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները։ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանն ու Ալվինա Գյուլումյանն անցան թոշակի։ ՍԴ աշխատակարգային նիստում կայացրած որոշումը ծավալուն է, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ դեռ ծանոթանում են, կխոսեն ավելի ուշ։

Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության վերաբերյալ բողոքին, ապա դրանով ԱԺ նախագահի լիազորությունների բաժնում ավելացել է նոր դրույթ․ ԱԺ նախագահը 7-օրյա ժամկետում կարող է հրապարակել ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ առանց նախագահի ստորագրության։ Այսինքն, գործ ունենք մի ինստիտուտի կողմից մյուսի լիազորություններն ուզուրպացնելու հետ։ Մարուքյանը կարծում է, որ եթե այս մասով դիմումը բավարարվի, հնարավոր կլինի անդրադառնալ սահմանադրական փոփոխությունների խնդրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում