2020-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այցելությունների ինտենսիվությունը ցածր էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա պարզաբանեց, որ սովորաբար ցուցանիշը տատանվում է տարեկան 95 հազարից 100 հազար այցելուի միջեւ, 2019 թվականին թանգարան 95 հազար մարդ է այցելել, որի 95 տոկոսն արտերկրից ժամանած տուրիստական ​​խմբերն էին:

«2020-ին մոտ 5 հազար այցելու է եղել: Տուրիստական հոսքերի կրճատումը, իհարկե, ազդում է նաեւ այս ցուցանիշի վրա: Բացի այդ, թանգարանը փակվեց կորոնավիրուսի պատճառով, ապա այցելուների համար բացվեց առաջին հարկը: Հիմա (արդեն երկու շաբաթ է) հաստատությունն ամբողջովին բաց է»,- հավելեց Մարությանը:

Տնօրենը շեշտեց, որ նախորդ տարի թանգարան-ինստիտուտին աուդիոգիդեր նվիրեցին, եւ հաստատության աշխատակիցները համապատասխան տեքստեր են նախապատրաստել, որոնք կթարգմանվեն օտար լեզուներով, որպեսզի մարդիկ իրենք կարողանան շրջել թանգարանով եւ լսել ձայնագրությունը:

«Մենք մեր ուժերով հրապարակումներ ենք պատրաստում, կարգի ենք բերել գրքերի վաճառքի սենյակը: Ակնկալում ենք, որ ապագայում շատ այցելուներ կլինեն»,- եզրափակեց նա: