Արցախի Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները մի քանի օր առաջ քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ժամկետային զինծառայողի մայր Ջ․ Կիրակոսյանը, ում որդին նույնպես այդ տարածքում հերթապահություն է իրականացնում։

«Մեր հերոս տղաներին նայեք՝ ինչպես են պահում, ինչպես կարելի է մեր տղաների նկատմամբ այսպես վարվել։ Անմարդկային պայմաններ են։ Ուժեղ քամի եղել, երեխաների վրանները պոկվել են։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում»,- պատմեց զինծառայողի մայրը։

Մոր խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը որեւէ քայլեր չի ձեռնարկում՝ զինծառայողներին բարվոք պայմաններ ապահովելու համար. «Մեր հերոս տղաները, որոնք հրաշքով փրկվել են՝ ողջ-ողջ սպանում են»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանի հետ, որն ասաց՝ արդեն վրանները տեղադրվել են, ամեն ինչ կարգավորվել է. «Մեր գյուղը ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա է, այդ պատճառով էլ համեմատաբար այլ տարածքների՝ ավելի ցուրտ է։ Օրինակ՝ այսօր ջերմաստիճանը տաք է։ Վրաններն արդեն դասավորված են, զինծառայողներն էլ իրենց հերթափոխն իրականացնում են։ Գյուղում սառնամանիք չի, շատ ձյուն չի եկել։ Շատ վտանգավոր բան չի եղել, որ վրանները պոկվեր»։