«Կոչ եմ անում չհավատալ տարատեսակ ասեկոսեներին, կամ շինծու տեղեկությանը։ Ավելի քան համոզված եմ, որ այն բոլոր այսպես կոչված էժանագին սենսացիաները, որոնք փորձում են գեներացնել մեր շուրջ իրենք ոչ մի աղերս չունեն ճշմարտության հետ»։ Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, մեկնաբանելով առանձին լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ԲՀԿ-ում արշալույսները խաղաղ չեն և կան ներքին խմորումներ։

Նշենք, որ այդ խոսակցությունները տարածվեցին այն ժամանակ, երբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ լքում է ԲՀԿ խմբակցությունը։ Դրանից հետո շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, որ առաջիկայում Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը եւս վայր կդնեն պատգամավորական մանդատները։

Այսօր էլ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «ծյունինգ» անել ԲՀԿ-ն։ Արման Աբովյանն ասաց, որ ծանոթ է մամուլի հրապարակմանը։ «Կարող եմ ասել միայն մի բան, որ մի կողմից զարմացած եմ, մյուս կողմից էլ կրկին անգամ վերահաստատում եմ, որ սա իրականում դասվում է շինծու, արհեստածին և իրականությանը չհամապատասխանող սենսացիաների դասին»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Արման Աբովյանից հետաքրքրվեցինք ԲՀԿ-ն մասնակցելու է փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին, ինչին ի պատասխան նա ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Հայրենիքի փրկության շարժման» մեջ է, և ներկայացված լինելու է հանրահավաքին։

Irakanum.am