Կառավարության այսօրվա նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագիծ՝ նշելով, որ 954 միլիարդ դրամ ուղղում են նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Նա ասաց, թե 99 միլիոնն ուղղվելու է անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորմանը հատկացված ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32,5 միլիոն դրամը հատկացվելու է տուրիտսական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերություններին հատկացված միջոցառման ապահովաման համար, 165 միլիոն դրամը պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը, 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց, զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարամանը, 543 միլիոն էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը, սնունդը ապահովելուն:

Նախարարի խոսքով՝ այս տարվա համար 900 միլիոն դրամ են հատկացրել 9 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանման համար:

Վահան Քերոբյանը նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ խաղողագործները ճանապարհներ չեն փակում, խաղող չեն թափում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Բա էս ճանապարհներ փակողները խաղողագործ չե՞ն»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե անցած տարի, երբ որ մթերման գործընթացում խրախուսողական գործիքներ էին մշակել, խաղող մթերողների հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ իրենք ընդհուպ տարայի բացակայության պրոբլեմ ունեին:

Փոխվարչապետն ասաց, թե խողողի մթերման հետ կապված խնդիրը լուծվել է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե շատ կարևոր է, որ խաղողի մթերումների, խաղողի այգիների իրական պատկերը սկսեն ստանալ, որ հստկ լինի այն ծավալները, որոնք մթերվում են:

«Այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ», — հայտարարեց Ավինյանը: