Արցախում ոչ միայն սոցիալական խնդիրներ կան, այլեւ  հումանիտար աղետ է, որը համազգային մեր բոլոր կարողությունները կենտրոնացնելու դեպքում, տարիներ են պահանջելու՝ հումանիտար, սոցիալական աղետը վերացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախում ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են։

«Այսօրվա իշխանությունների կողմից մենք շատ ավելի անհեթեթ արտահայտություններ ենք լսել, օրինակ, Շուշիի՝ դժգույն քաղաք կամ ադրբեջանական լինելու մասին, որը հերթական անգամ ապացուցում է այս իշխանությունների անմեղսունակ, ցինիկ ու տգետ լինելը։ Արցախում Հադրութի, Շահումյանի (Քարավաճառն կենտրոնով), Քաշաթաղի շրջանների, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու տասնյակ գյուղերը թշնամուն հանձնելուց հետո, 50 հազարից ավելի մարդ կորցրել են իրենց տները, գույքը, եկամտի աղբյուրները։ Արցախում ոչ միայն սոցիալական խնդիրներ կան, այլեւ հումանիտար աղետ է»,- նշեց Անուշավան Դանիելյանը:

Անուշավան Դանիելյանը նշեց, որ Արցախը մտել է տոտալ գահավիժման ուղեծիր, եւ այդ գահավիժում, ըստ նրա, անհնար է կանգնեցնել. «Ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ Հայաստանի ապագան մեղմ ասած մշուշոտ է այսօր։ Մինչեւ մենք չազատվենք  կապիտուլյանտ, պարտված, մեր  հայրենիքի 1/3 թշնամուն հանձնած իշխանություններից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում անհնարին է խոսել ապագայի մասին։ Երկիրը մտել է տոտալ գահավիժման ուղեծիր, եւ այդ գահավիժումն անհնար է կանգնեցնել, քանի դեռ երկրի ղեկին անողնաշար, ապազգային, ապիկար, դրսից ուղղորդվող իշխանություններն են»։