Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում այսօր էլ գործադուլ եւ դասադուլ էր՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հաղորդեց, որ այսօր ծնողները դպրոց են եկել, որպեսզի երեխաներին դպրոցից հանելու դիմուներ գրեն։

«Նախարարությունը, որն այս ամենի համար մեկ պատասխանատուն է, այս ծնողների զանգերին ի պատասխան ասում է, որ ամեն ինչ նորմալ է։ Պարոն նախարար, եթե էս ամեն ինչը Ձեզ համար նորմալ է, ուրեմն լիքը մտածելու տեղիք ունեք»,- ասաց ուսուցիչը։

Նորանշանակ տնօրենն այսօր հանդիպեց ծնողների հետ եւ նշեց, թե հաշվեհարդար տեսնելու նպատակ չունի, իր համար գերական աշակերտների կրթություն ստանալու իրավունքն իրացնելն է։

«Կոլեկտիվի գործադուլը իրավական հիմք չունի, իհարկե, դատարանը կվճռի սրա անօրինական լինել-չլինելը,  բայց մի բան հստակ իմացեք, որ այն ուսուցիչը, որն իսկապես մտահոգ է երեխայի կրթությամբ, այսօր իրավունք չունի երեխայի բախտը  քմահաճույքին թողնելու։ Ես հասկանում եմ բոլորիդ մտահոգությունները, սերն ու հարգանքը նախկին տնօրենի նկատմամբ, բայց դուք չեք փորձել ինձ ճանաչել եւ ինձ հետ աշխատել։ Վստահեցնում եմ, որ մենք աշխատելու ենք սիրո, վստահության եւ հարգանքի մթնոլորտում։ Վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու․․․․Ես արժանապատվորեն եմ ապրել իմ կյանքը եւ զերծ եմ եղել տարբեր քաղաքական նկրտումներից ու ձգտումներից եւ զզվել եմ քաղաքականության մեջ մխրճվելուց։ Եվ այսօր փորձել իմ նշանակումը քաղաքականացնել՝ թույլ չեմ տալու։ Դպրոցը ապաքաղաքական կառույց է, որի միակ գործառույթը պետք է լինի աշակերտին կրթություն տալը եւ ոչ թե նրանց այս կամ այն կողմ ուղղորդելը»,- ասաց նորանշանակ տնօրենը։

Նա դիմելով ծնողներին ու աշակերտներին՝ հորդորեց իրավիճակը հանդարտեցնել եւ հաճախել դասերի։ Ապա ծնողները հարցեր ուղղեցին տնօրենին, պահանջեցին, որպեսզի նա  «լեզու գտնի» կոլեկտիվի հետ եւ  վերականգնի դասապրոցեսը, հակառակ դեպքում իրենք դիմումներ կգրեն եւ երեխաներին կհանեն դպրոցից։

«Իրենց հետ կոնտակտի մեջ մտեք, մեր երեխեքն ի՞նչ մեղավոր են»,- ասաց ծնողներից մեկը։

Ի պատասխան, Քարմիլե Առաքելյանն ասաց, որ դասապրոցեսը խաթարվել է ուսուցիչների գործադուլի պատճառով եւ ինքն այդտեղ պատասխանատվություն չի կրում։

Դպրոցի տնօրենն ու ծնողներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, Քարմիլե Առաքելյանը հեռացավ։

Քիչ անց ծնողներն իրենց դիմումները ներկայացրեցին տնօրենի աշխատասենյակ։

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ են անում դպրոցում փետրվարի 3–ից՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է Քարմելա Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։