Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ընտանքիներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել:

«Կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի», — ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:

«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք ու որոշակի ճշգրտումների կարիք կա», — ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ արձագանքեց, թե այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել:

«Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, կոնֆլիկտի մեջ են, այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», — ասաց փոխվարչապետը: