Վեց բալ երկրաշարժի դեպքում որևէ լուրջ վնասվածքներ չեն լինում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պողոսյանը:

«5-6 բալ երկրաշարժի դեպքում կարող են առանձին շատ հին, խարխուլ, շատ վաղուց կառուցված ինքնաշեն շենքերը ճաքեր տալ, կարող են սալիկապատ հատվածներից մի քանի սալիկներ վայր ընկնել, բայց այդ սալիկները նաև վայր են ընկնում առանց երկրաշարժի: Նման բաներ կարող են լինել, բայց 6 բալ երկրաշարժի դեպքում որևէ լուրջ վնաս չի կարող լինել»,- ասաց նա։

Հրաչյա Պողոսյանը տեղեկացրեց՝ ԱԻՆ-ի մասնագիտացված աշխատակիցները երկրաշարժից հետո շրջել են տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում:

«ԱԻՆ-ի սեյսմիկ պաշտպանության սեյսմակայունության մասնագետ-շինարարները խմբերով շրջում են այն տարածքներում, որտեղից ահազանգ է ստացվել՝ հիմնականում դպրոցներ և մանկապարտեզներ: Նախնական կարգով նայում են՝ ինչ կարգավիճակում է գտնվում կառույցը, հետազոտում են, բայց կարող եմ նշել՝  սա հոգու հանգստության համար է արվում: Դպրոցներից զանգահարում են, մեր մասնագետները գնում են տվյալ տարածք և հետազոտություն են իրականացնում»,- մեկնաբանեց Հրաչյա Պողոսյանը:

ԱԻՆ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականի հավաստմամբ՝ երկրաշարժից հետո որևէ լուրջ վնասվածք չի գրանցվել և ամրապնդման աշխատանքների կարիք չի զգացվել:

«Երևանյան 6 բալանոց երկրաշարժից հետո որևէ լուրջ վնասվածքներ չեն գրանցվել, և, հետևաբար, դրանից հետո որևէ հիմնական աշխատանքներ չեն եղել, և ես կարծում եմ, որ աշխատանքների կարիք ևս չկա, բայց Երևանի քաղաքապետարանը ունի 4-րդ կարգի վթարային շենքերի ցուցակ, և իրենք պարբերաբար, ըստ ֆինանսական հնարավորությունների և կառավարության ֆինանսական օգնության՝ ամրացնում են շենքերը, տարեկան 2-3 շենք ամրացվում է նրանց կողմից, նույնիսկ կան վթարային շենքեր, որոնք միանգամից քանդում են և նոր շենք կառուցում, օրինակ՝ Ֆուչիկի, Արզումանյան փողոցների վրայի վթարային շենքերը, քանդեցին և կառուցեցին նոր ու բավականին լավ շենքեր»,- ասաց Հրաչյա Պողոսյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին 5-6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքում, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ, իսկ երկրաշարժը եղել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք: