Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջը՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին կալանքից ազատելու մասին, անիրագործելի է, այն հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը և չի պարունակում հղում օրենքի նորմերին: Այս մասին հայտարարել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այսօր ՄԻԵԴ-ից Նավալնիին ազատ արձակելու պահանջը աննախադեպ է մի քանի պատճառներով: Նախ, սա հստակ և կոպիտ միջամտություն է ինքնիշխան պետության դատական համակարգի գործունեությանը», — ասված  է Չույչենկոյի մեկնաբանության մեջ:

«Երկրորդ, այս պահանջն անհիմն է և անօրինական, քանի որ այն չի պարունակում որևէ փաստ կամ օրենքի նշում, որը դատարանին հնարավորություն կտա նման որոշում կայացնել»,-ասել է նախարարը:

Երրորդ, նա նշել է, որ «պահանջն ակնհայտորեն անիրագործելի է, քանի որ, համաձայն Ռուսաստանի օրենսդրության, այս անձին կալանքից ազատելու իրավական հիմքեր չկան»:

«Հասկանալով այս ամենը՝ եվրոպացի դատավորները կայացրել են հստակ քաղաքական որոշում, ինչը կարող է միայն բարդացնել Եվրոպայի խորհրդի ինստիտուտների հետ կառուցողական հարաբերությունների վերականգնումը»,-ասել է Չույչենկոն:

Նրա խոսքերով` «ՄԻԵԴ-ի այս որոշման իրականացումը ոչ այլ ինչ է, քան ընտրովի մոտեցման դրսևորում, որը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնարար սկզբունքին, այն է՝ օրենքի գերակայության ապահովմանը»: