Եթե տարածքները պետք է անցնեին Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա այդ տարածքներում ներդրումներ չպետք է արվեին, լրագրողների հետ զրույցում իր դիրքորոշումը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ասվել է, որ բանակցում ենք ձգձգելու համար և չենք տալու ոչ մի բան: Նախագահ Սարգսյանը հիմա ասում է, որ միշտ եղել է էն գծի մեջ, որ պետք է գնալ այդ ճանապարհով, և «ոչ մի թիզականությունը» քննադատում է: Հիմա ես էլ հարց եմ բարձրացնում՝ եթե այդպես էր՝ էդ խնդիրը պետք ա արագ լուծվեր, ոչ թե հայ ժողովրդի, սփյուռքի, հարկատուների գումարները ներդրվեին էն տարածքներում, որոնք պետք է տայինք Ադրբեջանին», — նշեց պատգամավորը:

Նա խոսեց նաև Արցախի Սահմանադրության մասին, որում, իր խոսքով, 7 շրջանը Արցախի տարածք է համարվում:

«Արցախում գրվել է Սահմանադրություն, էդ Սահմանադրությունը գրել է Հրայր Թովմասյանը: Գրվել է ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո: Սահմանադրության մեջ գրվել է, որ բոլոր 7 շրջանը Արցախի տարածք է համարվում, և դա անքակտելի է», — ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ ժողովրդին մատուցվել է, որ տարածքներն իրենցն են, բայց մյուս կողմից այդ տարածքները փոխանցելու վերաբերյալ բանակցություններ են եղել: