Իմ այս քայլի հիմքում ընկած է պետականությունը նեղ կուսակցական շահից գերադասելու մոտեցումը։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով իր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու պատճառներին։

«Ինձ նամակ էին գրում՝ դուք ստրուկ եք, էս եք, էն եք, ես ապացուցեցի, որ ես կյանքում ստրուկ չեմ եղել ու չեմ կարող լինել։ Ամենակարեւորը, որ իմ այս որոշման հիմքում ընկած է առավելագույն պետականաշինության շահը։ Առայժմ ես փակագծեր չեմ բացում, որեւէ անձնական բան պետք չի փնտրել։ Խնդրում եմ՝ նկատի ունենալ այն հիմնական թեզը, որ իմ այս քայլի հիմքում ընկած է պետականությունը նեղ կուսակցական շահից գերադասելու մոտեցումը»,- նշեց Պետրոսյանը։

Գեւորգ Պետրոսյանը խմբակցությունից դուրս գալու որոշման մասին չի տեղեկացրել  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

«Ճիշտ է, պարոն Ծառուկյանն իմ որոշման մասին տեղեկացված չէր, բայց ինքը հաստատ տեղյակ էր այն ասեկոսեներին, որոնք արդեն մի քանի օր դրվել էին շրջանառության մեջ, որ ես եւ որոշ գործընկերներ, անուններ չեմ տալիս, ինքը շատ լավ գիտի, այլեւս անելիք չունենք իր ծրագրերում, ինքը գոնե դա գիտեր»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ից  դուրս գալու մասին իր հայտարարությունից հետո, իրեն  հիշեցրեցին, որ սա արդեն 3-րդ դեպքն է, երբ ինքը լքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ կարծես իր տեղը չգտնելով այդ քաղաքական ուժում, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց․

«Այստեղ տեղ որոնելու խնդիր չկա։ Պարզապես փոխվում են ժամանակները, փոխվում են պահանջները։ Մարդը պետք է կարողանա ճկուն լինել եւ արձագանքել ժամանակի մարտահրավերներին։ Նրանք, ովքեր գնում ու հարյուր տարի մնում են նույն տեղում, պարզապես ո՛չ ծրագիր ունեն, ո՛չ տեսլական ունեն, դրա համար էլ վախենում են ուրիշ քայլ կատարելուց։ Ես միշտ նորույթ եմ որոնել, շատ լավ գիտեք, որ ես որեւէ այլ կուսակցության չեմ անդամակցել, որեւէ մեկի դուռը չեմ թակել, պարզապես կյանքը շարունակվում է եւ պետք է համարժեք արձագանքել կյանքի մարտահրավերներին։  Եթե ես այսօր արդեն գտնում եմ, որ իմ կուսակցական պատկանելիությունը թեկուզ բարոյական իմաստով, թեկուզ քաղաքական էթիկայի իմաստով ինձ զսպաշապիկ է դարձել, որպեսզի ես անեմ այն, ինչի համար ինձ ժողովուրդը գործուղել է Ազգային ժողով, ես իրավունք ունեմ ձերբազատվել այդ զսպաշապիկից։ Ես ոչ թե այնտեղից թռել եմ, որ ընկնեմ որեւէ մեկի գիրկը, ես գիրկ թռնող տղա չեմ, պարզապես ես միշտ սովոր եմ ընկալել նոր մարտահրավերները եւ այս մարտահրավերներին նորովի ոչ թե փտած մոտեցում ցուցաբերել»։