Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Ոստիկանության Թալինի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Թալինում բնակվող մի տղամարդ հանձնել է ատրճանակ ու ինքնաձիգի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մեկ այլ ստորաբաժանման՝ Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ 36-ամյա մի տղամարդ հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հրազդանում բնակվող մի տղամարդ հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հրացաններ, նռնակներ, նռնակների պայթուցիչներ, տարբեր հրազենների և տրամաչափի տասնյակ փամփուշտ ոստիկանության բաժին են հանձնել Գեղարքունիքի մարզի երկու բնակիչ։ Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում հանձնել է հանգուցյալ ազգականին պատկանած առանց գործարանային համարի ինքնաձիգը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի տասնյակ փամփուշտներ։ Առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ոստիկանության Ախուրյանի բաժնում հանձնել է Ախուրյան գյուղի բնակիչներից մեկը։ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հանձնել է ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու 200-ից ավելի 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։

Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կոտայքի մարզի երկու բնակիչ կամավոր հանձնել են հրացան,պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի և Մաշտոցի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող երեք անձ ոստիկանության հիշյալ ստորաբաժանումներ են բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, տարբեր տրամաչափի ու հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլ ռազմամթերք։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։