Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ 2020թ. նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել է, 13 միջոցառում կատարվել է ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է եղել, չկատարված միջոցառում չկա, որոշներն իրականացվել են մասնակիորեն: Վերջին հանգամանքը, նախարարի խոսքով, պայմանավորված է եղել համավարակի ու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով և այդ պայմաններում պետական կառավարման համակարգի գործունեության առաջնահերթություններով:

Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ, և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում: