Աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ երեկ՝ փետրվարի 16-ին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացված քաղաքացիների մոտ դրական դինամիկա կա, բուժման ընթացքի մեջ են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ Վանաձորում տարեդարձի խնջույքի մասնակցած 10 մարդ հոսպիտալացվել է աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։

Ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկն ասաց, որ դեռեւս դուրս գրված քաղաքացի չկա. «Այս պահին ջերմություն չունեն։ Փսխումները դադարել են։ Սիստեմաները ստանում են, ընդհանուր լավ են»։

Բժիշկն ասաց, որ քաղաքացիների կարծիքով՝ թունավորումը եղել է տորթից. «Տասն էլ կերել են այդ տորթից։ Խնջույքին եղել է նաեւ աղցան՝ հավի մսով, սակայն դրանից ոչ բոլորն են կերել։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն եւ եփած հավով ուտեստ:

Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչեւ 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից  10-ը հոգի, որից 5-ը՝ մինչեւ 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր:

Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոն եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն: