«Ես ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ, տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարող պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել: Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը»,- «Արմնյուզի» եթերում հարցադրում արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագորղի հարցին՝ Շուշին ընկե՞լ է, թե՞ հանձնվել, Ս․ Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել»: