ՆԱՏՕ-ն իր զորքերն Աֆղանստանից դուրս չի բերի «մինչև ճիշտ ժամանակ չգա»։ Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` հավելելով, որ «Թալիբան»-ը պետք է ավելին անի` Միացյալ Նահանգների հետ 2020 թվականի Խաղաղության համաձայնագրի պայմանները կատարելու համար, հայտնում է Al Jazeera–ն:

Ստոլտենբերգը վերոնշյալ հայտարարությունն արել է՝ ՆԱՏՕ-ի անդամ 30 պետությունների պաշտպանության նախարարների կողմից հարցի քննարկման նպատակով կայանալիք հանդիպումից առաջ։

Կայանալիք հանդիպումն կլինի Ջո Բայդենի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամենաբարձր մակարդակի բանակցությունները: Առցանց համաժողովի օրակարգային գլխավոր թեման, Աֆղանստանում դաշինքի 9600 հոգանոց առաքելության ճակատագիրն է, այն բանից հետո՝ երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը դուրս բերելու մասին համաձայնության է եկել «Թալիբան» խմբավորման հետ:

Զորքերի տեղակայման ապագան կախված է ԱՄՆ–ի նախագահի որոշումից՝ արդյո՞ք Բայդենը կհամաձայնի պահպանել մայիսյան վերջնաժամկետը՝ օտարերկրյա ուժերը դուրս բերելու համար, թե՞ ռիսկի կդիմի՝ պահպանելով զորքերի ներկայությունը:

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ հակառակ երկրից զորքերը դուրս բերելու դաշնակիցների ցանկությանը, ՆԱՏՕ–ի զորքերը կշարունակեն իրենց ծառայությունն Աֆղանստանում և հավելել․ «Աֆղանստանն այլևս ապաստարան չպետք է լինի ահաբեկիչների համար, որտեղից նրանք կարող են մեր երկրների վրա հարձակումներ գործել»։

Վերջին ամիսներին «Թալիբան» շարժման գործողություններն ակտիվացել են՝ նրանք զգուշացրել են ՆԱՏՕ–ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին չշարունակել «օկուպացիան և պատերազմը»։