SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 15-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք է ներկայացել Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Արամ Ղևոնդյանը և հայտնել, որ  փետրվարի 13-ին՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Mercedes Տ500 մակնիշի 89 ՍՍ 573 համարանիշի ավտոմեքենան  Սարալանջի փողոցում ինքն է վարել և վթարի ենթարկվել Opel մակնիշի ավտոմեքենայի հետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Ա. Ղևոնդյանի մոր անվամբ:

ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է անցկացվում պարզելու համար՝ հայտնած տեղեկությունը համապատասխանում  է իրականությանը, թե ոչ, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հետագայում պարզվել է, որ վարորդ են փոխել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը  01:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամ»-ի շինղեկավարման գրասենյակի դիմաց, բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած Mercedes  մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Զաքոյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Զաքոյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ,  26-ամյա Միքայել Քուշյանը, 16-ամյա Դավիթ Ադուլյանը, 18-ամյա Ալիկ Մեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին  Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ՝ Դ. Ադուլյանն ու Ա. Մեսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Օպերատիվորեն ժամանել էին Երևանի ճանապարհային  ոստիկանության  ծառայողներն ու ԱՊՊԱ գործակալը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել  էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ  Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: