Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել գործընկերոջս՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ լավագույն բարեմաղթանքներս եմ հղել Իրանի բարեկամ ժողովրդին

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:

Առանձնահատուկ ընդգծել եմ Հայաստանի և Իրանի միջև հաստատված դարավոր բարեկամական և փոխադարձ վստահության ու աջակցության, ինչպես նաև ամուր պատմական և մշակութային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Այս առումով երկուստեք կարևորվել է համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։

Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնեց, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները»,- գրել է Հայրապետյանը։