Մենք ունեցել ենք բանակային պաշտպանության 2-րդ ու 3-րդ գծեր, մեր պաշտպանական պլանում հստակ գրված էր, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պետք է զբաղեցնեին, ինչը չի եղել այս պատերազմում: Այս մասին «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այս պատերազմի կառավարմանն անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:

Հարցին՝ արդյոք վարչապետի կնոջը նկատի ունի, Սարգսյանը պատասխանեց, որ կանանց հետ գործ չունի, ուրիշներին էլ նկատի ունի. «Իրեն գերագույն հրամանատար հռչակածն էլ այնքան կոմպետենտ է, որ կարող էր անե՞ր:

Այս կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել: Խոսքը Լելե Թեփեի բարձունքի մասին է: Ամեն անգամ պարտադրվել է բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի է:

Բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն: Բեկման համար պետք է կարողանաս գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան թիկունքում լրացնել իրենց ուժերը, թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին ու մտածել հակահարձակման մասին: Բայց ոչ, մտածել էին գնալ ու շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք խորացել էին՝ օգտագործելով մեր աչքի լույսը, մեր լավագույն բրիգադները, ռեզերվը: Դրանից հետո ՊԲ-ն զրկված է եղել որևէ ռեզերվային փուլից: Դա եղել է հոկտեմբերի սկզբներին»:

ՀՀ երրորդ նախագահի խոսքով` անթույլատրելի սխալները սկսվել են պատերազմի առաջին օրվանից. «Դրանք շարունակվել են շատ երկար ժամանակ: Հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, դավադրություն է եղել»,-ասաց նա: