Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին,  կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ հայկական բանակը, ոչ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր թիմից գաղտնի: Այդ մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ինքը հաղթել է ոչ թե  գործող վարչապետի բանակին ու նրան, այլ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ երրորդ նախագահն ասել է. «Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, մենք հաղթել ենք 90-ականերին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը փաստորեն պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018թթ., և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու»: